Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մնալ իշխա՞ն, թե՞ դառնալ արքա

Մնալ իշխա՞ն, թե՞ դառնալ արքա
13.05.2016 | 01:39

Ինչո՞ւ գահ չբարձրացավ Դանիայի արքայազն Համլետը: Ի՞նչ էր փտել դանիական հողում: ՈՒրվականների՞ էր հանդիպում, որ վրեժ էին պահանջում: Չպատասխանե՞ց «Լինե՞լ, թե՞ չլինել» իր հնարած հարցին ու չհասկացա՞վ՝ «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»: Շա՞տ էին ծանր «գոռ բախտի պարսաքարերը»: Ավելի հեշտ էր խելագարության հասցնել սիրած աղջկա՞ն, քան նրան սիրե՞լ: Շեքսպիրը ինձ զուտ անգլիական բարեկրթությամբ զգետնիչ հիշոց կուղղեր անհեթեթ հարցերի համար: Իշխան Համլետը՝ դարաշրջանի ու ժամանակի հերոս, խորհրդանիշ, հանճարեղ Շեքսպիրի հանճարեղ իշխան Համլետը, մտածող մարդկանց իդեալը, ու՝ այսքան անկապ հարցե՞ր: Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ գահ չբարձրացավ Դանիայի արքայազնը: Սպանվե՞ց մենամարտում: Շեքսպիրը, եթե ինձ չսպաներ, կասեր՝ ոչ: Ինչո՞ւ: Ով-ով, նա գիտեր՝ ո՞վ է իր հերոսը, ինչո՞ւ է դատապարտված, ինչո՞ւ է շուրջբոլորն ունայնություն ու մահ սփռում:


Ի՞նչ կա Հայաստանի քաղաքական օրակարգում: 2016-ի մայիսի 13-ին, ուրբաթ օրը: Եթե օրն ապրենք առանց փորձանքների, օրավարտին կարձանագրենք.
1. Մայիսի 8-9-ն անցավ, Բաքուն պատերազմը չվերսկսեց: Նշանակո՞ւմ է, որ պատերազմն ավարտվեց: Վստահաբար՝ ոչ:
2. Լեռնային Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը դեռ չկա, թեպետ անցել է մեկ ամիս ու 10 օր: Նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց արտգործնախարարությանը՝ Ղարաբաղի գործընկերների հետ մշակել փոխօգնության պայմանագրի տեքստը: «Չի ուշանում, քննարկման նախապատրաստական փուլում է»՝ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ակնհայտ է, որ ոչ ռազմական նպատակներն են անհայտ, ոչ հայերենի չիմացությունն է կաշկանդում, սպասում են X պահին, որը համարվում է ամենանպատակահարմարը:
3. ԼՂՀ ճանաչման օրինագիծը խորհրդարանում կքննարկվի՞, թե՞ բարեհաջող կտեղակայվի քարտուղարության գզրոցներում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց. «ԼՂՀ ճանաչման հարցում ՀՀ նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, և եթե շարունակվի այդ ոտնձգությունը և այդ պատերազմը, մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին։ Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»: Վերստին նույն պատկերն է՝ X պահի սպասումը՝ ադրբեջանական նոր ագրեսիայի: Նշանակո՞ւմ է, որ եթե Բաքուն մեկ տարում երկրորդ պատերազմը չսադրի, Հայաստանը ԼՂՀ-ն չի ճանաչելու՝ սա մեկ, և երկրորդ՝ եթե շփման գծում ու սահմանամերձ շրջանների, բայց ոչ Երևանի վրա են կրակում, պատերազմ չէ՞: Եթե ԱԺ-ում քննարկվի օրինագիծը և քվեարկվի, 131 ձայն չի ստանա՝ ՀԱԿ-ը քվեարկությանը չի մասնակցի՝ դեմ չքվեարկելու համար: Իրենց դիրքորոշումը չեն հայտնել մյուս քաղաքական ուժերը, բայց նրանց քվեարկությունը ենթադրելի է՝ հիմք ընդունելով ՀՀ նախագահի հայտարարությունը:
4. Հայաստանն արել է դիվանագիտական քայլեր ու հայտարարություններ, սպասում է X պահին, երբ համանախագահները, անվերջ հեռախոսող Լավրովն ու Քերին, ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան կհանգեն անհրաժեշտ եզրակացությանը: Հայաստանը չի շտապում, բայց ժամանակ ունի՞՝ պատրաստվելու իրադարձությունների անբարենպաստ ընթացքին, թե՞ մեկ անգամը բավական էր՝ երկրորդ պատերազմի իրավունք Բաքուն չի ստանա:
5. Բաքուն մեկ ամիս հրճվեց «ցնցող հաղթանակով», աստիճանաբար սթափվում է ու հասկանալու «հաղթանակը» հոգեբանական էր՝ 1994-ի պարտությունից հետո, բայց ոչ ռազմական, ոչ դիվանագիտական, ոչ իրական:

Իլհամ Ալիևին գործողություններ են պետք. հասարակության այն մասը, որ հավատացել է հնարովի «հաղթանակին», պահանջելու է «բանկետի շարունակություն», հասարակության ավելի ռեալ դատող հատվածը՝ կատարվածի բացատրություն: Ալիևը չունի հոդաբաշխ պատասխան ոչ առաջիններին, ոչ երկրորդներին: Նրա X պահը կարող է արագանալ՝ իրենից անկախ պատճառներով:
6. Ալիևին հնարավորություն տրվեց հարցը ռազմական ճանապարհով լուծելու, ձախողվեց, ու հիմա պիտի լուծի բանակցությունները վերսկսելու խնդիրը՝ հնարավորինս պահպանելով նախկին դիրքերը ու «հաղթողի» դեմքը, որ անհնար է դարձնում մեխանիկական թութակությամբ՝ «հայկական զորքերը օկուպացված տարածքներից դուրս բերելու» ռեֆրենով: Բաքուն նախապայմանային բանակցություններից չի հրաժարվում, հարց՝ ո՞վ է բանակցությունները դարձնում անիմաստ:
7. Ո՞ր դեպքում և ե՞րբ Իլհամ Ալիևը կընդունի շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման ԵԱՀԿ պահանջը, երբ ՌԴ-ն էլ է միացել ԵԱՀԿ երկու համանախագահներին: Կների՞ Ալիևը ռուսների «դավաճանությունը»: Ռուսաստանի համար ստեղծվել է երկիմաստ վիճակ. ամբողջ աշխարհը համարում էր, թե Հայաստանի դաշնակիցն է, խաղաց Բաքվի կողմից, և չոր հաշվարկում՝ դժգոհ են թե Երևանը, թե Բաքուն:


Ի՞նչ եղավ այս ընթացքում:
1. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարյա ամեն օր հեռախոսով քննարկում են «միջազգային այժմեական հարցեր», այդ թվում՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քայլերը:
2. Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի ծրագրվում՝ ասաց ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ու բացատրեց. «Ես, իմ ռուս և ֆրանսիացի գործընկերները հակամարտող կողմերին կոչ ենք անում լինել ավելի զուսպ։ Մենք մշտապես կապի մեջ ենք արտգործնախարարների հետ՝ ընդգծելու բանակցությունների կարևորությունը համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար»։
3. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնեց Գերմանիա և բանակցեց արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Ակնհայտորեն՝ գլխավոր հարցը շփման գծում վերահսկողության միջոցների տեղակայման հարցն էր, որի լուծումը թերևս ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կստանա հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, երբ կայցելի Բաքու։ Մամեդյարովը Բեռլինում նրան տեղեկացրեց «առաջնագծի վերջին լարվածության, Հայաստանի զինված ուժերի սադրանքների և հայկական կողմից ծանր հրետանիով քաղաքացիական բնակչության գնդակոծման մասին»: Ասաց՝ «Հակամարտության լուծման համար առաջին հերթին հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի բռնազավթված տարածքներից, և սկսվի քաղաքական գործընթաց»:
4. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ: Գլխավոր հարցը, թերևս, նույնն է: ԱԳ նախարարը տեղում պիտի պարզի Ֆրանսիայի բուն դիրքորոշումը, եթե հաշվի առնենք, որ ապրիլյան պատերազմին Փարիզը չէր շտապում գնահատական տալ, մինչև իրավիճակը չպարզվեր:
5. Նախքան Ֆրանսիա մեկնելը ԱԳ նախարարը Երևանում հանդիպեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ու նա վերահաստատեց, որ Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի, ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
6. ԵԺԿ-ի ստեղծման 40-ամյակի առիթով ՀՀԿ-ի կազմակերպած երևանյան համաժողովին ուղերձում ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլը գրել է. «ԵԺԿ-ի համար շատ կարևոր է, որ ամրապնդենք կապերը Հայաստանի ու Եվրամիության միջև, և մենք պետք է նոր ուղիներ գտնենք համագործակցության համար: Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի անվտանգության իրավիճակ կա տարածաշրջանում, և մենք նպատակ ունենք անդրադառնալ այդ հարցին: Մենք կլինենք ձեր կողքին՝ պաշտպանելու ձեր ազատ և ինքնորոշման ընտրությունը և պայքարելու ժողովրդավարության ու բարգավաճման համար ձեր երկրներում»: ՈՒ՝ ի՞նչ է դա նշանակում: Առաջա՞րկ, որի բացակայությունից ՀՀԿ-ն միշտ տրտնջում էր: Թե՞ սովորական սեթևեթանք:
7. Հաղթանակի զբոսայգում տոնական միջոցառումների մասնակից ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարը, առանց տեսախցիկների լրագրողներին ասաց՝ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, որևէ ռուսական զենք չի կարող գնալ Արցախ: Սա երկրորդ հիշեցումն էր, առաջինը Մոդեստ Կոլերովն էր, որ ասում էր՝ Հայաստանը պատերազմի օրերին պիտի ԼՂՀ անկախությունը ճանաչեր՝ ժամանակը կորցրեց: Նույն օրը ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ավելի ցնցող հայտարարություն արեց՝ փաստաթղթեր ունե՞ք, որ ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել: Փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը նրա համար «փաստաթուղթ» չէ: Երբվանի՞ց է Մոսկվան սկսել արդարանալ Երևանի առաջ: Երբ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին Մոսկվա չգնա՞ց:


Իսկ ի՞նչ է անում Ղարաբաղը: Ստեփանակերտ գնացին ՀՀ բոլոր նախագահները, վարչապետը, ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ-ն հավաքներ արեց, Վիտալի Բալասանյանը համարում է, որ միջազգային խաղաղապահները երբեք խաղաղություն չեն բերել, պատգամավորների մի մասը կարծում է, որ Ղարաբաղում ևս պետք է խորհրդարանական կառավարում լինի, մի մասը դեմ է: Բոլորը հրապարակավ հաստատում են՝ «Ոչ մի թիզ հող թշնամուն»: «Միջազգային հանրության ջանքերը պետք է առաջին հերթին ուղղվեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման չեզոքացմանը»՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո ասաց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: «Եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլև շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը որպես անկախ պետություն»՝ հունական Ef.Syn-ին տրված հարցազրույցում հաստատեց ԼՂՀ ԱԳ նախարարը: Արցախը ևս սպասում է X պահին, Y իրադարձություններին՝ Z որոշումը ընդունելու համար: Կոորդինատները կան, ո՞վ է որոշում ընդունողը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը, մեկնաբանելով Հայաստանի՝ ԼՂՀ ճանաչման հնարավորությունը, ասաց. «ԼՂ վերջնական կարգավիճակը հստակեցվելու է հակամարտության բազմակողմ կարգավորման համատեքստում: Ոչ մի երկիր չի ճանաչում ԼՂՀ-ն: Հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու համար մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ցուցաբերել բարի կամք և նստել բանակցային սեղանի շուրջ»: Ճանաչե՞լ ԼՂՀ-ն հիմա, թե՞ սպասել իրադարձությունների զարգացմանը: Ելակետ ընդունել, որ ԼՂՀ-ն ճանաչելով ՀՀ-ն բանակցություններից դո՞ւրս է գալիս, թե՞ սահմանում է նոր ելակետ՝ ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո: ԼՂՀ-ն ճանաչելով ՀՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավա՞րտ է ազդարարում, թե՞ նոր բովանդակություն է հաղորդում ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելությանը: ԼՂՀ ճանաչումը Բաքվին նոր պատերազմի հիմքե՞ր է տալիս, թե՞ կանխում է պատերազմը: Ինչպե՞ս կողմնորոշվել ելակետերի հարցում: ԼՂՀ ճանաչումը սկիզբ կդառնա միջազգային ճանաչմա՞ն, թե՞ Հայաստանը կհայտնվի խաչաձև դիվանագիտական կրակի տակ: Գալիս է պահ, երբ վճիռ պետք է ընդունես ու պաշտպանես վճիռդ, եթե նույնիսկ բոլորն ասեն, որ դու սխալ ես: Նրանք ունեն իրենց ելակետը, դու պիտի պաշտպանես քոնը: Եվ արդեն այս վիճակի պատճառն այն է, որ շարունակ հաշվի ենք առել ուրիշների արձագանքը ու հետաձգել մեր խոսքը: Իսկ ուրիշներն ունեն իրենց շահերը, որ շատ հազվադեպ են մեր շահերին համընկնում: Բեմադրել նո՞ր «Համլետ», թե՞ դառնալ Դանիայի արքա ու վերացնել՝ ինչ «փտել է դանիական հողում»: «Սահման քաջաց՝ զենն յուրյանց»՝ մեզ այդ են սովորեցրել, ինչո՞ւ չենք սովորում:

Դիտվել է՝ 1864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ